
Նշենք, որ փորձագետը հիշյալ հրապարակման մեջ, մասնավորապես նշում է, թե «Լայմ» հեռուստաընկերությունը, ժամանցայինի վերածվելով, խախտել է հեռարձակման մրցույթի պահանջները, ըստ որի` մրցույթը հաղթելուց հետո հեռուստաընկերությունը պետք է իրականացներ ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռարձակում և ոչ թե սահմանափակվեր սոսկ ժամանցային հաղորդումներով:
Հեռուստաընկերության գլխավոր ռեժիոսորի խոսքով` ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերությունները ևս բաղկացած են տարբեր բաղադրիչներից` այդ թվում ժամանցային, ինֆորմացիոն, երաժշտական, լրատվական: Ըստ նրա` եթե թոփ հեռուստաընկերություններում ժամանցայինը գերակշռում է, դա դեռ չի նշանակում, որ այդ հեռուստաընկերությունները ժամանցային են: Բագրատ Գրիգորյանի պարզաբանմամբ` հեռուստաընկերությունը ապրիլի 21-ից է վերանվանվել «Լայմ», որից հետո սկսել է հեռուստաեթերի նոր կոնցեպցիա իրականացնել` իր հեռուստաեթերի հայերցակարգի իրականացումը սկսելով ժամանցային բաղադրիչի իրագործմամբ ` պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները:
«Ռեբրենդինգի փուլում մեզ մոտ ընդհանուր ուղղվածության շրջանակներում որպես առաջին վերափոխվող բաղադրիչ ընտրվել է ժամանցայինը: Սա ընդամենը առաջին փուլն է, բայց կան 2-րդ, 3-րդ փուլեր, որի ընթացքում բոլոր բաղադրիչները կվերամշակվեն և կներկայացվեն նորովի,նոր թարմությամբ և նոր դեմքերով: Օրինակ, շատ կարճ ժամանակում մեր եթերում կտեսնեք լրատվական, ընդհանուր ուղղվածության և այլ բնույթի հաղորդումներ: Իսկ հեռուստաընկերությունը ժամանցային բաղադրիչով սկսելը փրոմոշընի կրեատիվ քաղաքականության մի տարր է: Մարկետինգային բոլոր ուսումնասիրություններով՝ հեռուստաընկերություններում առաջին բլոկը ժամանցայինն է»,- նշեց Բագրատ Գրիգորյանն` ավելացնելով, որ վերջին ուսումնասիրություններով հեռուստաընկերությունը մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակահատվածում ընդգրկվել է հեռուստաընկերությունների վեցնյակում, ինչը նշանակում է, որ իրենց քաղաքականությունը հաջողել է: Նրա խոսքով` հեռուստաեթերի ծրագրային վերակառուցմանը զուգընթաց` շուտով քաղաքում տարբեր կրիչներով կհայտնվեն «Լայմի» լրատվական և սպորտային հաղորդումների գովազդները:
Անդրադառնալով փորձագետի այն դիտարկմանը, թե հեռուստաընկերությունը Երևանի և երևանցու հոգսերին չի անդրադառնում, «Լայմի» գլխավոր ռեժիսորն արձանագրեց, որ իրենք Երևանի քաղաքապետարանի հետ արդեն սկսել են համագործակցել, ինչի արդյունքում երեկ ուղիղ եթերով լուսաբանվել է «Վերջին զանգը», իսկ ավելի վաղ` լուսաբանվել են մայրության և գեղեցկության տոներին նվիրված մայրաքաղաքային միջոցառումները: «Հիմա էլ , համագործակցության շրջանակներում, աշխատանքներ են իրականացվում կոնկետ երևանցիների և Երևանի խնդիրների և ձեռքբերումների մասին հաղորդումների շարք պատրաստելու շուրջ»,- ընդգծեց Գրիգորյանը:
Բագրատ Գրիգորյանն անդրադարձավ նաև իր ավելի վաղ` «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որին անդրադարձել էր փորձագետ Մեսրոպ Հարությունյանը և որտեղ Գրիգորյանը նշել էր, թե հեռուստաընկերությունը քաղաքական լուրեր և հաղորդումներ չի ունենալու: «Եթե նայեք այդ հարցազրույցի ժամկետը, կհասկանաք այդ հայտարարությանս իմաստը: Դա ասել եմ ընտրություններից առաջ, երբ մեր հեռուստաընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ չի լուսաբանելու նախընտրական քարոզարշավը: Հետևաբար, անտրամաբանական կլիներ այդ ժամանակ խոսել քաղաքական լուրեր կամ հաղորդումներ ունենալու մասին»:


















































