Փաշինյանը հասնում է Հայաստանում
Ռուսաստանի նկատմամբ դրական «իմիջի» ձեւավորմանը
«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը՝ համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որում նա անդրադարձել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ հարաբերություններին:
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ ավանդաբար ակտիվ բնույթ ունեցող բարձր մակարդակում ռուս-հայկական երկխոսությունը շարունակվում է: Մի քանի ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է երեք, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ երկու անգամ,- նշել է Կարասինը՝ ընդգծելով:- Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անփոփոխությունն է՝ թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում»:
Նախօրեին, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել էր նրան ծննդյան 66-րդ տարեդարձի կապակցությամբ: Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Այդ հարաբերությունները հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության եւ փոխադարձ վստահության դարավոր ավանդույթների վրա: Այս համատեքստում ես հատկապես գնահատում եմ մեր միջեւ հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաեւ բազմակողմանի հարթակներում եւ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ռուս պաշտոնյաների կողմից որոշ հայտարարություններ ու մեկնաբանություններ հիմքեր տվեցին եզրակացնելու, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ոչ միայն առկա է անորոշություն, այլեւ այդ հարաբերություններում լուրջ բարդություններ կան:
Այսօր էլ, որքան Հայաստանի վարչապետը շեշտում է հարաբերությունների զարգացման մասին, մենք առայժմ չգիտենք՝ արդյոք պաշտոնական Մոսկվա՞ն էլ համարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգացման, խորացման, նույնիսկ ամրապնդման նոր հեռանկարներ ունեն: Այսինքն՝ հստակ չգիտենք՝ պաշտոնական Մոսկվա՞ն էլ համարում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում բոլոր խնդիրները հաղթահարված են՝ Փաշինյանի կառավարության ձեւավորումից հետո:
Բայց հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս մենք վերջին ամիսներին ընդհանուր խորապատկերում մի երեւույթի նկատմամբ մեղմացմանը կարծես ուշադրություն չենք դարձնում: Խոսքը «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ տրամադրություններին է վերաբերում, ավելի ճիշտ՝ հակառուսական տրամադրությունների մեղմացմանը:
Որպես նոր վարչապետ, իհարկե, Փաշինյանը փորձում է նոր աստիճանի բերել հայ-ռուսական հարաբերությունները, նա կարծես ձգտում է հասնել նրան, որպեսզի իր նախորդների վարած քաղաքականության համեմատ իր վարած քաղաքականությունն ավելի արդյունավետ երեւա, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ջերմությունն ավելի լինի, քան իր նախորդների օրոք էր:
Այստեղ հարկ է հիշեցնել մի չափազանց կարեւոր քայլի մասին: Հայաստանը, ինչպես հայտնի է, վարչապետի հայտարարած ծրագրի շրջանակներում Սիրիա է ուղարկելու հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների, ինժեներների: Սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ հիմքերով՝ պայմանագրո՞վ, որը պետք է խորհրդարանը վավերացնի, թե՞, օրինակ, հայ-ռուսական ինչ-որ փաստաթղթով:
Պաշտոնական Երեւանը մի քանի անգամ շեշտել է, որ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ, եւ խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը, գործելու է Հայաստանի դրոշի ներքո։ Սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու՝ հավելելով, որ դա ամբողջովին հումանիտար ծրագիր է եւ որեւէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։ Իսկ ավելի վաղ՝ օգոստոսին, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը, Փաշինյանը նշել էր, որ կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ. «Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»։
Մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը դեռեւս 2015թ.-ին է առաջարկել Հայաստանին Սիրիայում համատեղ հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է այդ առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով, եւ առաջարկել է, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության եւ ՀՀ դրոշի ներքո, այլ ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ դեմ են եղել:
2016թ. ապրիլյան պատերազմից մի քանի շաբաթ անց, երբ Հայաստան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարարը, թեժ քննարկումներ էին ծավալվում այդ փուլում Ռուսաստանի կողմից Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առանձին դերակատարություն ստանձնելու, իսկ ավելի կոնկրետ՝ «Լավրովի պլանի» մասին: Երկար ժամանակ այս թեման քննարկվում էր, պաշտոնական Երեւանը դրա առկայությունը հետեւողականորեն հերքում էր, ի վերջո՝ տեւական ժամանակ անց պաշտոնական Մոսկվան էլ կարծես ստիպված հերքեց դրա առկայությունը: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանը նաեւ Լավրովի պլանն է մերժել կամ առարկություններ ներկայացրել, ինչի արդյունքում այն ուղղակի ասպարեզից հեռացվեց:
Այսինքն՝ ստացվում է, որ Պուտինի իշխանությունը Սերժ Սարգսյանի քաղաքականությունից դժգոհելու առիթներ կարող էր ունեցած լինել, գոնե վերոնշյալ երկու հարցերում: Այս ամենին գումարենք Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՊՆ նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը, նաեւ նույն գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը, ու այս ամենից հետո Ռուսաստանից կոշտ գնահատականները՝ Հայաստանում տիրող «անհանգստացնող» իրավիճակի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց, սակայն, ամեն ինչ հարթվեց. հիմա Քոչարյանն ազատության մեջ է, Յուրի Խաչատուրովը, ըստ տեղեկությունների, Մոսկվայում է, Միքայել Հարությունյանին էլ ոչինչ չի սպառնում, նա եւս Ռուսաստանում է: Այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի դժգոհությունն ու զայրույթը չեզոքացնելու բոլոր քայլերը հատ-հատ իրականացված են:
Այս ամենի համատեքստում մենք չենք նկատում կարեւոր մի հանգամանք. Հայաստանում հասարակական տրամադրությունների առումով «թավշյա հեղափոխությունից» հետո ձեւավորվել է մի մթնոլորտ, որը խիստ ձեռնտու է նախեւառաջ պաշտոնական Մոսկվային, անձամբ՝ Պուտինին: Կարծում ենք՝ նորություն ասած չենք լինի, եթե արձանագրենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ, ընդ որում՝ արդարացիորեն, ձեւավորվել էր խիստ բացասական վերաբերմունք, որը նյարդայնացնում էր Մոսկվային: Մի քանի անգամ պաշտոնական Երեւանը ամենաբարձր մակարդակով՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու թեմայով արեցին հայտարարություններ, որոնք նույնպես ջղաձգումներ էին առաջացնում Մոսկվայում:
Այժմ Փաշինյանը կարծես ստանձնել է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական «իմիջի» ձեւավորմանը, հասարակական սուր դժգոհությունը, որն առկա էր Սերժ Սարգսյանի օրոք, այդ մթնոլորտի վերացմանը: Պետք է արձանագրել, որ սա մի մթնոլորտ է, որը պաշտոնական Մոսկվան ուղղակի կերազեր ունենալ, եւ դրա համար գուցե տարիներ պահանջվեին ՌԴ իշխանություններից: Բայց այս մթնոլորտին հաջողվեց հասնել Սերժ Սարգսյանի հեռացումից անմիջապես հետո: Ըստ երեւույթին, Պուտինը դեռ արժանին կմատուցի Փաշինյանին Հայաստանում այդ մթնոլորտի ձեւավորմանը հետեւողականորեն հասնելու համար:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
10.10.2018


















































