Մաշտոցի պուրակի համար 2012-ին պայքարող բնապահպան ակտիվիստները Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ հիմա ավելի կարևոր խնդիրներ կան Ամուլսարում. իրենք Ջերմուկում են, դրա համար Երևանում չեն պայքարում Մաշտոցի պուրակի համար:
Պուրակում ծառեր են հատվել, տարածքը բետոնապատվում է, որ սրճարան կամ այլ տնտեսական գործունեության կառույց կառուցվի։ Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-ի՝ Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքների կապակցությամբ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել:
Հիշեցնենք՝ 2012-ին տասնյակ բնապահպան-ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի պուրակի համար:

Կարդացեք նաև
Մեր հստակեցմանը՝ այնուամենայնիվ, Մաշտոցի պուրակի հետ կապված ունե՞ք մտահոգություն, նա պատասխանեց. «Ոչ միայն Մաշտոցի պուրակի, այլև բոլոր պուրակների, տեղերի հետ կապված էլ մտահոգություն կա: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ եթե Մաշտոցի պուրակը մենք ենք փրկել, դա միայն մեզ պետք է հետաքրքրի. բոլոր տեղերի համար էլ միշտ էլ խոսել, բարձրաձայնել ենք»:
Դիտարկմանը՝ այս օրերին կարծիքներ են հնչում՝ ո՞ւր են Մաշտոցի պուրակի պահապանները, ինչո՞ւ են լռում, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Այդ մարդիկ թող իրենք իրենց հարց տան՝ բա իրե՞նք ուր են: Այսինքն՝ տանը նստած ուրիշներից սպասել, որ ինչ-որ հարց պիտի լուծեն, ազնիվ չէ: Մաշտոցի պուրակի պահապանները տարբեր մարդիկ են, իրենք իրենց վրա չեն վերցրել ամբողջ կյանքի համար պատասխանատվություն, որ մինչև կյանքի վերջ պիտի այս պուրակը պահպանեն: Կարող է ուրիշ մարդիկ են գալիս այդ պուրակը պահպանելու, մենք բոլորս էլ կամավորներ ենք, ոչ մի պարտավորություն չունենք, կուզենք` կանենք, կուզենք` չենք անի: Այսինքն՝ ես չեմ ստորագրել թղթի տակ, որ մինչև կյանքիս վերջ պետք է Մաշտոցի պուրակը պաշտպանեմ, մենք էլի կպաշտպանենք, բայց ոչ մեկ որևէ իրավունք չունի մեզնից բան պահանջել, մանավանդ այդ մարդիկ, որ որևէ բան չեն անում, քանի որ անողը երբեք չի ասում»:
Անի Խաչատրյանին հիշեցրինք, որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում, թե պաշտոններ են ստացել, դրա համար հիմա չեն պայքարում, նա արձագանքեց. «Դու կարող եք ուսումնասիրել ու տեսնել, թե ովքեր են պաշտոններ ստացել: Դե, հո բոլորը պաշտոն չե՞ն ստացել»:
Բնապահպան ակտիվիստ Գեղամ Օհանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այս պահին դեպի Ջերմուկ ճանապարհին է: Հետաքրքրվեցինք՝ նախաձեռնություն կա՞ ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի, նա պատասխանեց. «Մտահղացում կա, ուղղակի հիմա Ամուլսարի հետ կապված արագ Ջերմուկ ենք գնում, ու ավելի առաջնային խնդիր է սա»:
Հարցին՝ ասում են, որ բնապահպանների շրջանում պառակտում կա, ի՞նչն է խնդիրը, նա արձագանքեց. «Կեղծ լուրեր են տարածում: Մեզ մոտ նման խնդիր չկա»:
Հստակեցմանը՝ այդ դեպքում Մաշտոցի պուրակի հարցը ո՞նց պետք է բարձրացվի, նա պատասխանեց. «Մենք պահանջել էինք քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը: Ես իմ էջում եմ գրառում արել. պաշտոնական պահանջ չի եղել, բավական մարդիկ տարածել էին գրառումը: Ուղղակի հիմա Ջերմուկի հարցով շատ խառն ենք, Մաշտոցի պուրակի հետ կապված դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






















































