Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է խաչը զորավոր դարձնում

Նոյեմբեր 11,2021 10:00 Share

Օրերս Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում 44 մետրանոց խաչ է կանգնեցվել՝ ի հիշատակ վերջին պատերազմում զոհված մեր հայրենակիցների: Ֆեյսբուքյան արձագանքը հիմնականում խիստ բացասական էր՝ «սա ի՞նչ ցուցամոլություն է, եթե հավելյալ փող ունեք, դպրո՛ցը վերանորոգեք կամ զե՛նք գնեք»:

Խոստովանեմ, որ մի տասը տարի առաջ ես էլ նման ձեւով կարձագանքեի: Այժմ չէի շտապի կտրուկ գնահատական տալ, այդպես ասած, համատեքստից դուրս: Իսկ համատեքստը հետեւյալն է. եթե այդ խաչը պարզապես պետք է ժանգոտի եւ միայն հեռվից գրավի մարդկանց ուշադրությունը, ապա դրա մեջ իսկապես բացարձակապես իմաստ չկա:

Եթե թույլ տաք, այսպիսի մի զուգահեռ անցկացնեմ. մի քանի ամիս առաջ կառավարությունում խոսվեց բուհերի շենքերը վաճառելու եւ այդ փողով Երեւանի արվարձաններում ժամանակակից արեւմտյան ոճի «կամպուսներ» կառուցելու մասին: Այդ գաղափարը նույնպես արժանացավ խիստ քննադատության: Եվ իրոք. «կամպուսները» սարքելը ձեւ է. դասավանդման այսօրվա մեթոդների, ծրագրերի, նպատակադրումների պարագայում դրանք ոչինչ չեն տա: Արդյունքի կարելի է հասնել միայն ձեւի եւ բովանդակության միասնականության դեպքում: Նույնը՝ խաչը: Եթե համայնքի բնակիչները համախմբվեն այդ խաչի շուրջ, եթե նրանք պարբերաբար հավաքվեն այնտեղ՝ ինչ-որ ոչ ձեւական, իրենց սրտից բխած միջոցառում կազմակերպեն, ապա, ինձ թվում է, խաչի գոյությունը միանգամայն արդարացված կլինի:

Առաջ ես էլ էի դժգոհում, որ գյուղերում եկեղեցիներ են կառուցվում՝ դա, անշուշտ, կարող է լինել «ռուսաստաններում» ապրող եւ այնտեղ հարստացած գյուղի նախկին բնակչի փառասիրության, ցուցամոլության արգասիքը: Բայց հիմա ես հարցին մոտենում եմ այլ կողմից. արդյո՞ք այդ մատուռի գոյությունը նպաստում է համայնքի համախմբմանը, թե՞ դա պարզապես պսակադրություն, կնունք անելու տեղ է: Մի բան է, որ ես Զովունիից (որտեղ եկեղեցի չկա) տրանսպորտով գնում եմ Երեւան, այնտեղ այլ գործերիս հետ մեկտեղ մտնում եմ եկեղեցի, տեսնում եմ անծանոթ մարդկանց, մոմ եմ վառում եւ էլի վազում եմ իմ գործերով՝ կարող եմ մի օր ծուլանալ, մի օր մոռանալ կամ ժամանակ չունենալ: Մեկ այլ բան է, եթե ես ամեն օր կամ, համենայնդեպս, ամեն կիրակի ոտքով, նպատակաուղղված գնում եմ Աստծո տաճար, շփվում եմ իմ համագյուղացիների հետ, փոխանակում եմ դրական էներգիա:

Ես ամենեւին կոչ չեմ անում բոլորին հավատացյալ դառնալ՝ մեծ հարգանքով եմ վերաբերվում աթեիստներին կամ այլ դավանանքների ներկայացուցիչներին: Պարզապես Հայ առաքելական եկեղեցին արդեն առնվազն 1720 տարի այն ինստիտուտն է, որն, իմ ընկալմամբ, ավելի ներդաշնակ է մեր մտածողությանը: Բայց, բնականաբար, մարդիկ կարող են, պայմանականորեն ասած, իրենց «խաչը» գտնել կրոնական կամ աշխարհիկ այլ համայնքներում:

Պատերազմի ժամանակ մեզ զենքե՞րն էին պակասում: Վստահ եմ, որ դա թիվ մեկ գործոնը չէր: Մեզ պակասում էր հավատը, փոխադարձ վստահությունը, կարգապահությունը: Ճիշտ նույն ձեւով համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի պակասը չէ, որ մեզ խանգարում է: Մեզ խանգարում են կասկածամտությունը, անհավատությունը, նիհիլիզմը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Փաստորեն սաղմոս կարդացող մի խրտվիլակ խաչ քաշեց Երանոսի, Արցախ-Սյունիքի ու ամբողջ Հայաստանի վրա… Առաջինը Քրիստոնեություն ընդունած ազգը առաջինն էլ ընդունեց «խաղաղության դարաշրջանը»: Ծա՛փ տվեք, արա…

  2. Ruben says:

    100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում զանգվածները լքեցին Արարչի տաճարները, հայրենի գյուղերն ու քաղաքները, նախնիների գերեզմանները և հնազանդ գառների պես հովիվների հետևից գնացին օտար երկրներ։
    30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի բնակիչները լքեցին Արարչի տաճարները, հայրենի գյուղերն ու քաղաքները, նախնիների գերեզմանները և հնազանդ գառների պես հովիվների հետևից գնացին օտար երկրներ:
    1 տարի առաջ արցախցիները լքեցին Արարչի տաճարները, հայրենի գյուղերն ու քաղաքները, նախնիների գերեզմանները և հնազանդ գառների պես հովիվների հետևից գնացին ու քոչեցին:
    Խա՞չ դնել ու քաշել, թե՞ զանգ կախել։
    «…Հայ առաքելական եկեղեցին արդեն առնվազն 1720 տարի այն ինստիտուտն է…»
    Ոչ թե «ՀԱՅ առաքելական եկեղեցի», այլ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ (ՅԱՅՑ) առաքելական եկեղեցի», եթե խոսքը 30 տարեկան ՀՀ վարչական տարածքի մասին է:

Պատասխանել Ջորդանո Գալիլյան

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930