Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն սիսիանցի Հերոսին ասեք թող գա, մենակ ինքը կարա օգնի»

Մայիս 05,2022 14:00

Ռուսաստանից վերադառնալուց հետո Կարեն Իսրայելյանը 3 տարով պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամասում: Բայց դա էլ, կարծես, իրենը չէր: Գնաց Արցախ, շինարարություն էր անում, Կարմիր Շուկայում դպրոց ու մանկապարտեզի շենք էր սարքում, ձեռքից ամեն գործ գալիս էր: Ընկերները մականունը Հերոս էին դրել: Հանկարծ մեկի մատը փուշ մտներ, մեկի գործը մի քիչ լավ չլիներ, կանչում էին` էն սիսիանցի Հերոսին ասեք թող գա, մենակ ինքը կարա օգնի: Երբ Կարենի զոհվելուց հետո նախկին աշխատակիցներն ու ղեկավարները այցելել են հարազատներին, խորը ցավով ու ափսոսանքով են խոսել ոսկե ձեռքեր ու ոսկի հոգի ունեցող Կարենի մասին, քանիցս կրկնել` մենակ տեսնեք` ի՜նչ գործեր է արել, ասես` ձեռք կպած չլինի, բայց պատերազմը քանդեց-ավերեց ամեն ինչ:

Անծանոթ մարդկանց տան շեմին դիմավորող ճերմակած մազերով երիտասարդ տանտիրուհու դեմքին տագնապ կար ու սպասում: Ինքնաբերաբար ասացի` մի՛ վախեցեք… Երիտասարդ կինը վերջին շրջանում այնքան վիշտ ու ցավ է տեսել, որ լավ բանի սպասում, կարծես, չուներ: Չէ՛, ունի: Տղային եւ փեսային 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո սպասում է հոկտեմբերի 2-ից անհայտության մեջ գտնվող եղբորորդու մասին սիրտ ամոքող մի լուրի, հուսավառող մի տեղեկության, մի բարի խաբարի, որ սպասման ցավից ու հիվանդությունից այս աշխարհը լքած եղբոր` Գագիկ Սարուխանյանի գերեզմանին լուր տանի նրա որդու` Միքայելի մասին. զորացրվելուց 4 ամիս հետո նրան տարել էին Գորիսից, ու մինչ օրս հարազատները որեւէ տեղեկություն չունեն Միքայելի մասին: Սրտի անհանգիստ թրթիռով տիկին Գոհարը սպասում է մեկ էլ ավագ որդուն` 34-ամյա Բենիկին, որ վերադառնա Ռուսաստանից, ամուսնանա, ուրախությունից, եռուզեռից զրկված այս օջախում խինդ բերի, թոռան բերկրանք բերի, ապրելու իմաստ:

Իմանալով մեր այցի նպատակը, ճերմակաթույր մազերով 55-ամյա տիկին Գոհարը մի պահ լռում է, հետո հյուրընկալ տանտիրուհու բարյացակամությամբ սուրճ առաջարկում, ապա` փլվում ինքն իր անդարման ցավի վրա, փղձկում, ասում, որ իրեն ուղղված մի հասարակ` «ո՞նց եք» հարցն էլ է հիմա սիրտը լցնում, դրանով էլ է մխիթարվում, ուր մնաց` Կարենի պատմությունը գրելու նպատակով իր տուն եկած լրագրողի այցից չհուզվի: Կարենի նման տղա կորցրած մայրը հիմա էդ տեսակ բաներից էլ է զգացվում, հուզվում, արտասվում, նաեւ` շնորհակալ լինում, որ Կարենին հիշում ենք, իրենց այցելում ենք:

Կարենը ծնված օրվանից նեղություն չի պատճառել մորը, խելոք էր, լսող, սիրուն: Իսկապես` սիրուն: Նկարներին նայելիս զգում ես կամային բնույթը, նպատակասլաց հայացքը, խոհուն աչքերը: «Կարենս ուրիշ էր, իրոք, ուրիշ, որ գովեմ, կասեն` իր տղան է, գովում է, գյուղի լավագույն տղաներից էր, կարող ես բոլորից հարցնել: Էնքան խելոք, էնքան քթածակով, ջոկովի: Մի բան էլ եմ զգացել` մեր բոլոր տղաներն էլ ջոկովի էին, անխտիր` բոլորը, ամենայուղալի պատառը, ամենաընտրովի սերունդը: Էն որ ցորենը խախալում ես ու ամենաառողջ, ամենալավ հատիկները բարձրանում են մաղի երեսին, մեր տղաներն էդ ոսկեսերմն էին, սերուցքն էին, որ պիտի ծլեին-ծաղկեին, բայց զոհվեցին էս տարօրինակ պատերազմում: Բոլորի համար էլ ցավում եմ»,- ասում է Կարեն Իսրայելյանի մայրը` Գոհար Սարուխանյանը, հետո պատմում, որ որդին թեեւ ուսման հետ սեր չուներ, բայց ձեռքերով հրաշքներ կստեղծեր, քարի, երկաթի, մեխանիզմի, մեքենայի, ծառի, թփի, ծաղկի մեջ հոգի ու ոգի կդներ:

Շաքեի դպրոցն ավարտելուց հետո Կարենը ծառայել է Մարտակերտում: Բանակից հետո մի երկու տարի աշխատեց Ռուսաստանում, բայց չէր սիրել օտար ափերը եւ վերադարձել էր հայրենի գյուղ: «Կարենը մեր գյուղը շատ էր սիրում, ամուր կապված էր մեր հող ու ջրին, արմատները շատ խորն էին: Իր բոլոր նպատակներն ու երազանքները գյուղի հետ էր կապում: Պատրաստվում էր վերանորոգել տունը, ամուսնանալ… Դիրքերից իջնում էր, հորը խնդրում պատերի անկյունները նշել, մնացած ամեն ինչն ինքն էր անում: Հորից սովորել էր մեխանիզմի, մեքենայի, քարի, պատի հետ աշխատելու «լեզուն», անգամ` կոշկակարություն, ու չէր զիջում նրան: Հերիք էր մի բանը մի անգամ տեսներ, արագ յուրացնում էր, սովորում ու ինքնուրույն անում: Տունն իրենից հետո ենք կարգի բերել, բայց բոլորը իր նախագծերով, իր գծագրերով: Գնալուց առաջ տան մուտքի դուռը դրեց… Հիմա ամեն անգամ տան դուռը բացել-փակելիս մեզ հետ տուն է մտնում, մեզ հետ դուրս է գալիս, միշտ ներկա է»,- ասում է մայրը:

Մայրը պատմում է, որ 30 տարվա մեջ 30 վայրկյան իսկ դիտողություն, նկատողություն արած չկա որդուն: Երբ ամուսինը Ռուսաստանում էր, ավագ որդին` բանակում, տունը Կարենն էր պահում: Երեխա ժամանակից էլ մոր օգնականն էր: Մինչ հասակակիցները քնած էին, նա իր փոքրիկ, սառած թաթիկները փչելով օրվա վառելիքն արդեն չոլերից հավաքած-բերած էր լինում: Մոր հետ հավասար փոքրիկ ձեռքերով կարտոֆիլն էր ցանում ու մեծավարի հետաքրքրվում` քանի պարկ կարտոֆիլ կստանան ամեն առվից: Մեծ տարիքում էլ էր տան համար մտածում, տան հոգսերը իր ուսերին վերցնում: «Կարենն ինձ համար համ տղաս էր, համ եղբայրս էր, համ հերս էր… իմ ամեն ինչն էր, ուրիշ էր: Արցախում աշխատելու ժամանակ այնտեղ ծառայող բոլոր շաքեցիներին փնտրում-գտնում էր, այցելում, պետք լինելիս` օգնում»,-ասում է մայրը ու հավելում, որ նույնն էլ` պատերազմի ժամանակ: Ընդամենը 10 րոպե պահանջվեց Կարենից` տեղեկություն իմանալու որդուց լուր չունեցող հարեւանուհու տղայից եւ հայտնելու նրան, որ Արսենը Շաղատի դիրքերում է…

Սեպտեմբերի 27-ին Կարենը տանն էր: Պատերազմի լուրը լսելուն պես արագ զգեստափոխվել է, գնացել գյուղապետարան, այնտեղ ասել են` իր անունով ծանուցագիր չկա, գնացել է զինկոմիսարիատ, ետ են ուղարկել, հիմա գնա, քո ժամանակն էլ կգա ասելով, բայց Կարենը մտածել է` իսկական ժամանակը հիմա է ու կամավորագրվել է, հետո մտահոգությունը հայտնել մորը` չլինի էնպես, որ իրենց տանեն որպես պապիրոս ծխող, էս անգամ դրանց վերջը պիտի տանք, դրանց հարցերը պիտի լուծենք: Ականջալուր չի եղել հորաքրոջ աղջկա` մամադ մեղք է, ետ արի հորդորին, ու չի փոխել որոշումը: Միացել է Նորավանի զորամասին: Մեկ շաբաթ մնացել այնտեղ, որտեղից տարել են Մեղրի, իսկ հոկտեմբերի 13-ին` Ջրական: Մայրը որդու ամեն զանգից արտասվել է, Կարենը խնդրել է չլացել, ամեն ինչ լավ է լինելու: Բայց լավ բան չկար: Կարեն Իսրայելյանը զոհվեց հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 18-ին հուղարկավորվեց Սիսիանի պանթեոնում: Նույն օրը զոհվել է նաեւ Կարենի քրոջ ամուսինը` իր ընկեր Գագիկ Գրիգորյանը: Բայց սերժանտ Գագիկի աճյունն ավելի ուշ գտնվեց եւ պանթեոնում ամփոփվեց 2021-ի փետրվարի 3-ին: Տիկին Գոհարը, տխրամած ու թաց աչքերով, ասում է` թեեւ Կարենին ու Գագիկին կորցնելու երկրորդ տարին է բոլորում, նրանց մասին ներկայով են խոսում, օրը սկսվում է նրանց հետ, ավարտվում նրանց հետ:

Ամեն շաբաթ պարտադիր պանթեոն են գնում, անկախ նրանից` ձյուն է, ցեխ է, մրրիկ է, գնում են, ծաղիկներն են փոխում, շիրիմները մաքրում, Կարենն ու Գագիկը կոկիկ տղաներ էին, իրենց գերեզմանն էլ պիտի կոկիկ ու խնամված լինի: Այս ծանր ու անմխիթար օրերի միակ մխիթարությունը դստեր երկու երեխաներն են, ովքեր մշտապես իրենց հետ պանթեոն գնալիս մոտենում են իրենց հոր ու քեռու շիրիմներին եւ մեծանում` նրանց անունները շուրթերին: Կարեն Իսրայելյանն ու Գագիկ Գրիգորյանը դասընկերներ էին, առանց իրար սեղան չէին նստի, առանց իրար ոչինչ չէին անի: Ճակատագրով էլ միացան` հավերժ միասին ննջելով Սիսիանի քաջաց պանթեոնում:
«Կարենը շնորհաշատ երիտասարդ էր, հայրենասեր, գյուղում վայելում էր բոլորի հարգանքը: Համեստ էր: Հայրենասիրական ոգին հորից էր ժառանգել: Հայրը` Զորավիկ Իսրայելյանը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, Սիսիանի ԵԿՄ անդամ է, Կարենի կամավորագրվելուց հետո էլ ինքն է գյուղի աշխարհազորայինների ջոկատի հետ բարձրացել մեր սահմանային դիրքերը պաշտպանելու: Դիրքերից տուն է իջեցրել միայն հրամանատարը` Կարենի զոհվելուց հետո»,- ասում է Շաքեի համայնքապետարանի աշխատակից Ռուբեն Մանուչարյանը: 62-ամյա Զորավիկ Իսրայելյանը հաստատում է, որ հիմա էլ ուսապարկը պատրաստ է, որ երբ հայրենիքն իր կարիքն ունենա, անմիջապես գնա նրա կանչին: Տան բակում տիկին Գոհարը ցույց է տալիս վարդի թփերը, որ Կարենն է իր համար բերել Արցախից ու կարոտում էդ երանելի օրերը, կարոտում Կարենի` Շաքեի բարբառով իրեն նանես կանչելուն, կարոտում է Կարենի` դռների միջից հնչող` «մամ ջան, կոֆեդ էնքան համով ա» խոսքերին, երբ ինքը դեռ սուրճը դրած չէր լինում, կարոտում է որդու կատակներին: Պատմում է, որ քովիդի պատճառով հորեղբայրները Բենոյին չեն թողել Ռուսաստանից գա Կարենի հուղարկավորությանը, ու, մոռանալով իրականությունը, Բենոն երբեմն մորը հարցնում է` Կարենը զանգե՞լ է, ու մայր ու որդի ցնցվում են հուզմունքից:

Քանդելով երանելի օրերի հիշողության կծիկը` Գոհարն ասում է, որ մի տարի իրենց կովը զույգ հորթ էր բերել, մեկը պահել էին Բենոյի հարսանիքին, մյուսը` Կարենի: Կարենի անունով հորթը մորթեցին նրա զոհվելու առաջին տարելիցին, իսկ Բենոյի հորթը… Բենոն Ռուսաստանից վերադառնալու, իրեն Կարեն անունով թոռ պարգեւելու մոր թախանձանքներին պատասխանում է` ինձ զույգ տղա պիտի ծնվի` Կարեն ու Գագիկ անուններով: Տիկին Գոհարը հավաստիացնում է, որ առաջիններից մեկը ես կիմանամ այդ ավետիսը:

Թող Աստված սրտներինը կատարի…

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031