Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղողի մթերման խնդիրն արհեստական է, գործում է ոհմակային մաֆիայի կանոններ». Խաղողագործների միության նախագահ

Դեկտեմբեր 16,2022 15:00

«Դեկտեմբերի 14-ն է: Խաղողագործները իրենց մշակած խաղողի դիմաց, որը մթերվել է ինքնարժեքից 40-50 դրամով պակաս, դեռ վերամշակող ընկերություններից գումար չեն ստացել»,- երեկ ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նրա խոսքով, խաղողագործությունն այսօր վերացման եզրին է՝ պետության վերաբերմունքի պատճառով, էկոնոմիկայի նախարարն էլ խնդիրներին լուծումներ տալու փոխարեն՝ սուտ խոսալու համար մեդալ է ստանում:

«Հայաստանում գինի, կոնյակ, օղի արտադրող ձեռնարկությունները, ըստ օրենքի, պարտավոր են Հայաստանում աճեցված հայկական սորտի խաղողի հումքով արտադրանք տալ, բայց այսօր այնքան գինի, կոնյակ, օղի է արտադրվում, որ Հայաստանում այդքան խաղող չի մշակվում, իրենք այլ հումքով են արտադրում: Այստեղ ստվերային մեծ մեխանիզմ է գործում, որի մասին բոլորը գիտեն եւ այդ ամենը գիտակցելով՝ Հայաստանում վերացնում են խաղողագործությունը: Նրանք տեղեկանքներ են վերցնում համայնքապետարաններից, որ իբր այս մարդն այսքան ավել խաղողի այգիներ ունի եւ ըստ դրա փաստաթղթավորվում է իրենց կեղծ հումքը: Ես միշտ նշում եմ, որ մենք չունենք խաղողի մշակման եւ մթերման խնդիր, այս խնդիրը արհեստական է եւ այստեղ գործում է ոհմակային մաֆիայի կանոններ, որպեսզի խաղողագործը դառնա ընչազուրկ, քոչվոր, հրաժարվի իր հողից, հայրենիքից եւ արտագաղթի: Այսօր Հայաստանում մասսայաբար ոչնչացվում են խաղողի այգիները, մարդիկ այսօր անճարությունից, հույսը կտրած՝ իրենց ձեռքով մշակած խաղողի այգիներն իրենք իրենց ձեռքով ոչնչացնում են:

Խաղողի այգին շնչող օրգանիզմ է, հասկանում եք, սա նույնն է, թե եղեռն է իրականցվում: Ոչ կոմպետենտ, անմարդկային մեր այս կառավարություն կոչվածների թողտվությամբ եւ լուռ համաձայնությամբ կատարվում է խաղողագործության ոչնչացում»,-նշեց Արտակ Սարգսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ կառավարության ներկայացուցիչները խնդրի կարգավորման առնչությամբ մատնանշում են վերամշակող ընկերություններին սուբսիդավորման տրամադրումը, այնինչ, խաղողագործի խոսքով, այդ համակարգը չի գործում, քանի որ պայմանագրերը վերամշակող ընկերությունները խաղողագործների հետ պետք է կնքեն ապրիլ-մայիսին, որպեսզի վերամշակող ընկերությունը գյուղացու հետ կնքի պայմանագիր, որի հիման վրա կարողանան դիմել սուբսիդավորման ծրագրին եւ խաղող մթերեն: Նա կասկածներ ունի, որ սուբսիդավորվող վարկերի պարագայում եւս որոշակի ստվերային մեխանիզմներ են գործում, քանի որ ամեն անգամ նույն ընկերություններն են ստանում այդ սուբսիդիաները:

Խնդրի պարզաբանման համար դիմեցինք նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանին: Նա հաստատեց, որ խնդրի կարգավորման համար պետությունը ֆերմերին ուղիղ աջակցություն չի ցուցաբերում, այլ վերամշակող ընկերություններին է սուբսիդիա տրամադրում: «Ուղիղ աջակցությամբ աշխատանքներ տարվում են, բայց այս պահին մենք դրան չենք կարող անցնել, քանի որ մենք ֆերմերների ռեեստեր, նույնականացման խնդիր ունենք, որը լուրջ ռիսկեր է պարունակում: Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն այդ ուղղությամբ բավականին աշխատանք կատարել է, գյուքագրվել են բոլոր այգիներն ըստ սեփականատերերի, երբ կունենանք խաղողագործների ռեեստր, այսինքն, երբ որ կկարողանանք նույնականացնել խաղաղագործին, այդ ժամանակ կարող ենք մտածել ֆերմերին ուղիղ աջակցելու մասին»,-նշեց Ղազարյանը:

Սուբսիդավորման ժամկետների մասով նա պարզաբանեց, որ ի սկզբանե մթերման վարկային սուբսիդավորման ծրագրերում փոփոխություն է կատարվել եւ պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանվել է հուլիսի 1-ը՝ նպատակ ունենալով պայմանագրերը նախօրոք կնքել եւ վաղօրոք գնահատել մթերման ծավալները: «Գործարարների մեծ մասը կնքեցին այդ պայմանագրերը՝ մոտ 97,5 հազար տոննայի:

Գործարաններն այդ ժամանակահատվածում դեռ իրենց տարեկան արտադրության ծավալները, իրացման պայմանագրերն ամբողջությամբ չեն կարողանում կազմել եւ իրացման պայմանագրեր կնքելիս քանակի մասով մտավախություն ունեն: Կնքված պայմանագրերով խաղողի մթերման ծավալը, մեր գնահատականներով, ամբողջ մթերման ծավալի կեսն էր: Հետագայում, մթերող կազմակերպություններին խթանելու համար, որպեսզի մթերման ծավալները մեծացնեն, մենք վարկային ծրագրում փոփոխություն արեցինք. եւս մեկ տոկոսով բարձրացվեց սուբսիդավորման տոկոսադրույքը եւ մեկ տարով երկարացվեց մարման ժամկետը, նաեւ պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվեց մինչեւ նոյեմբերի 1-ը, որպեսզի կարողանան նոր պայմանագրեր կնքեն արդեն այս նոր պայմաններով»,-նշեց վարչության պետը:

Իմ այն հարցին՝ խաղողագործները բողոքում են, թե վերամշակող ընկերությունները խաղողագործներից խաղող քիչ են մթերում, քանի որ ավելի էժան գնով հումք են ներմուծում, Գեւորգ Ղազարյանն ասաց. «Այդ խնդիրը ցայտուն էր դեռ 2016-17 թթ., երբ յուրաքանչյուր նախորդող տարիներին շուրջ 8 մլն լիտր սպիրտ էին ներկրում, համեմատության համար ասեմ, որ դա մոտավորապես համարժեք է 130 հազար տոննա խաղողի: Արգելել չէինք կարող, քանի որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, որպեսզի խնդիրը լուծենք, օրենսդրական փոփոխություններ կատարեցինք եւ ներմուծվող կոնյակների սպիտի համար տուրք սահմանեցինք: Ներմուծման իրավունքի ձեռքբերման համար սահմանվեց 10 մլն դրամ պետական տուրք՝ մինչեւ 100 հազար լիտրի համար, իսկ 100 հազար լիտրը գերազանցող յուրաքանչյուր լիտրի համար եւս 100 դրամ: Այդ օրենսդրական կարգավորումը բավականին օգնեց խնդրի կարգավորմանը, դրան հաջորդող 4 տարիներին խնդիրը մեղմվեց»:

Նրա կարծիքով, խնդիրն ավելի շատ պայմանավորված է համաճարակով, ռուս-ուկրաինական պատերազմով, նաեւ լոգիստիկ խնդիրներով, որոնց հետեւանքով բավականին նվազել էր կոնյակի սպիրտի իրացման ծավալը. «Միայն վերջին 3 տարիների խաղողի իրացումից գործարաններում շուրջ 44 մլն լիտր կոնյակի սպիրտ էր կուտակվել, այսինքն պահանջարկն էր նվազել՝ իրացման ցածր ծավալներով պայմանավորված: 44 մլն լիտր սպիրտը մոտավորապես 2 տարվա շշալցված կոնյակի հումք է»: Ֆերմերները հիմնականում գնից են դժգոհում, կարծում է վարչության պետն ու հիմնավորում, թե պահանջարկը նվազել է, ուստի ազդել է գնի վրա: «Մյուս կողմից՝ գնի վրա մեծ ազդեցություն ունեցավ դրամի փոխարժեքի կայունացումը, քանի որ կոնյակի-գինու գործարանները հիմնականում պայմանագրերը դոլարով են կնքել եւ գինը բարձրացնելու մեծ հնարավորություն չունեին, առանց այդ էլ կոնյակի սպիրտը Ռուսաստանի սեգմենտում ամենաբարձր գինն ունի, արտադրանքի գին ավելացնելու հնարավորությունը սահմանափակ էր, մթերման գինը դոլարի նվազմանը համարժեք նվազեցրել էին: Բացի այդ, այս տարի ինքնարժեքի վրա ազդել էր պարարտանյութերի, աշխատուժի, բուժանյութերի վրա ֆերմերների ծախսած գումարները: Ստացվեց, որ մի կողմից ինքնարժեքը բարձրացավ, մյուս կողմից՝ մթերման գները նվազեցին: Դժգոհության հիմնական պատճառը դա էր»,-ամփոփեց Գեւորգ Ղազարյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Խսղողագործների խնդիրները կապված են շաքարավազի հետ՝որը ավեղացվում է խաղողի հումքի վրա
    ավելի շատ սպիրտ ստանալու համար՝եւ դա միշտ էլ այդպես է եղել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031