Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ մի՛ տվեք թիկունքից խոցվի հայ մտքի բանակը

Դեկտեմբեր 09,2016 13:30

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Մեծարգո՛ պարոն վարչապետ: Օրերս մամուլում հնչում են լուրջ մտահոգություններ, թե իբր պետական միջոցների խնայողության նպատակով հնարավոր է կրճատումներ կատարվեն Գիտությունների ազգային ակադեմիայում:

Մտահոգիչ էր հատկապես ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի «Ակադեմիան ազգային արժեք է, որը ո՛չ ես եմ ստեղծել, ո՛չ էլ այսօրվա կառավարությունը» հոդվածը: Ամբողջովին կիսելով հարգարժան Աշոտ Մելքոնյանի մտահոգությունները՝ պիտի հավելենք այլ տխուր իրողություններ եւս: Պարզվում է, որ մշակույթի նախարարությունն էլ որոշել է կրճատել ժամանակակից գրողների գրքերի հրատարակությանը տրվող պետական աջակցությունը: Պարոն վարչապետ, ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածում հստակ նշված է. «Պետությունը խթանում է մշակույթի, կրթության եւ գիտության զարգացումը»: Իսկ Սահմանադրության 86-րդ հոդվածում սահմանված են պետության քաղաքականության հիմնական նպատակները, որոնցից է «հիմնարար եւ կիրառական գիտության զարգացումը»: Սահմանադրության 146-րդ հոդածով ՀՀ կառավարությունն «իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Այս պարագայում, երբ ՀՀ կառավարությունը փորձում է վերացնել Գիտությունների ազգային ակադեմիան, նաեւ վերացնել գրողներին տրվող պետական աջակցությունը, պետք է ասել, որ դա, նախ, չի բխում Սահմանադրության պահանջից, երկրորդ` այս քայլերը խփում են ուղիղ պետության ողնաշարին, երրորդ` սրանից ապազգային քաղաքականության հոտ է գալիս:

Եթե այս ամենին ավելացնենք գիտական աստիճանաշնորհման համակարգում մեկ աստիճանի անցնելու առաջարկները եւ ԲՈՀ-ի վերացման մասին մամուլի հրապարակումներն ու քննարկումները, ապա պարզ է դառնում, որ կառավարությունը վարում է համակարգված քաղաքականություն` ընդդեմ գիտության եւ մշակույթի: Պարո՛ն վարչապետ, հասկանալի է եւ լիովին ընդունելի Ձեր կողմից վարվող պետական միջոցների խնայողության ուղղությամբ կատարվող աշխատանքը, սակայն անընդունելի է, երբ այն ուղղվում է բացառապես մշակույթի եւ գիտության ոլորտի դեմ:

Հասկանում եմ Ձեր ջանքերը, կիսում եմ պետական բյուջեի շուրջ Ձեր մտահոգությունները, ուստի հրապարակային մի առաջարկ եմ անելու, որով, կարծում եմ, ավելի մեծ տնտեսումներ կարվեին, իսկ տնտեսված միջոցները կուղղվեին մշակույթի ու գիտության զարգացմանը, առանց որի կործանման է դատապարտված ցանկացած պետություն, այդ թվում՝ եւ մեր պետությունը: Այսպես` փորձեք վերլուծել մարզպետարանների եւ համայնքների գործունեությունը: Տասներեք տարի եղել եմ համայնքի ղեկավար ու այդպես էլ չեմ հասկացել մարզպետարանների տված օգուտը համայնքին կամ պետությանը: Չեմ հասկացել սոսկ մի պատճառով՝ օգուտ բացարձակապես գոյություն չունի։ Մարզպետարանը կույրաղի է մեր պետության համար:

Պոկե՛ք ու դեն նետե՛ք՝ համոզված լինելով, որ դրանից ոչինչ չի տուժի. ավելին` կշահեն միայն համայնքները, հետեւաբար նաեւ՝ պետությունը: Ահավասիկ մի քանի պարզ փաստարկներ.ՀՀ կառավարությունը մարզերին պետական բյուջեից տրամադրում է հսկայական միջոցներ, որ մարզերում իրականացնեն համաչափ զարգացման ծրագրեր: Սակայն այդ միջոցները համայնքների մեջ բաշխվում են անհամաչափ, հաճախ նաեւ քմահաճ` կախված համայնքի ղեկավարի եւ մարզպետի անձնական վերաբերմունքից: Առաջարկում եմ վերացնել մարզպետարանները, պետական աջակցության միջոցները դոտացիայի ձեւով նպատակաուղղել հենց համայնքներին` ապահովելով համայնքների համաչափ զարգացումը, իսկ վարչական եւ իրավական վերահսկողությունը, որը համայնքների նկատմամբ իբր իրականացնում են մարզպետարանները, իրականացնել տարածքային կառավարման եւ պետական վերահսկողության այլ մարմինների միջոցով` խստացնելով համայնքների ղեկավարների նկատմամբ իրավական վերահսկողության մեխանիզմները:

Պարո՛ն վարչապետ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ հենց այդ պատճառով էլ չեմ խոսում այն մասին, որ պետական այդ միջոցները, մարզպետարաններում «մշակված» ներքին չգրված օրենքներով, ունեն մի «օրինաչափ» բաշխման մեխանիզմ. ցանկացած ծրագրի 10 տոկոսը գնում է խիստ որոշակի պաշտոնյաների գրպաններ: Խնայողությո՞ւն եք ուզում իրականացնել, կասեցրեք այս բացահայտ թալա՛նը, վերացրե՛ ք մարզպետարանները, որտեղ նստած չինովնիկները հիմնականում սնվում են պետական բյուջեից ու համայնքների ղեկավարներից` հաճախ ստիպելով վերջիններիս դիմել կոռուպցիոն քայլերի: Իսկ մարզպետարանների բանիմաց ու գրագետ կադրերը թող համալրեն համայնքային ծառայողների ինստիտուտը, որը խայտառակ անգրագետ վիճակում է` ուղղակիորեն կախված տվյալ պահին գործող համայնքի ղեկավարի քմահաճ վերաբերմունքից: Իսկ մարզպետարանների անպտուղ աշխատողների աշխատավարձերից գոյացած հսկայական գումարներն առաջարկում եմ նպատակաուղղել գիտության զարգացմանը: Արժանիորե՛ն գնահատեք հայ գիտնականին եւ վստահ եղե՛ք, որ կարճ ժամանակ անց հայ ֆիզիկոսը կարող է ստեղծել մի զենք, որը սարսափի մեջ կպահի ռազմատենչ հարեւանին, հայ պատմաբանը կհերքի ադրբեջանցի պատմաբանների կեղծարարությունը, հայ գրականագետը կստեղծի գրականության մի պատմություն, որը հերքում է Հայոց Արեւելից կողմանց գրականության ոչ հայկականությունը: Հայ գրողը հայոց մտքի բանակի զինվորն է, հայ գիտնականը` հայոց մտքի սահմանապահը: Թույլ մի՛ տվեք թիկունքից խոցվի հայ մտքի բանակը: Զորացրե՛ք հայ գրողին ու գիտնականին. դրանից միայն կշահի հայոց պետականությունը: Ա՛յն պետականությունը, որի ստեղծման ու զարգացման ջատագովն ենք բոլորս, նաեւ` Դուք։ Ավաղ, անընդունելի մի ուրվական է շրջում մեր մտավոր ու հոգեւոր անդաստանում` ազգային գիտության ու մշակույթի դեմ դավեր նյութող օտարամույծ ուրվականը:

 

ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ

«Առավոտ»

08.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031