Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային չափում

Փետրվար 25,2014 13:45

Ցանկացած իրադարձություն, մանավանդ՝ հեղափոխության, ապստամբության տարրեր պարունակող, ունի իր քաղաքական չափումը՝ «կարմիրները լավն են, սպիտակները՝ վատը» կամ հակառակը: Այդ չափումը մի կողմից՝ խիստ փոփոխական է, հարաբերական՝ կախված նրանից, գնահատական տվողը կարմի՞ր է, թե՞ սպիտակ: Մյուս կողմից՝ մարդկության մեծամասնության, ինչպես նաեւ պատմության համար կարեւորն ու որոշիչը հենց դա է՝ որքանո՞վ էին ճիշտ կամ սխալ կարմիրներն ու սպիտակները՝ իրենց կախաղաններով, կրակներով, ով է առաջինը սկսել, ով ինչին ինչպես է պատասխանել եւ այլն:

Պատմության դասագրքերը բաղկացած են հենց այդպիսի ճակատամարտերից, եւ ժողովուրդների կյանքը կարծես անցել է՝ մի ճակատամարտի հետեւանքները մարսելով եւ մյուսին նախապատրաստվելով:

Բայց կա նաեւ մարդկային չափումը: Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիին գազազած ամբոխը բռնել էր եւ մի քանի ժամ խոշտանգելով սպանել: Մարդկային չափումով դա բացարձակապես անընդունելի է, քաղաքական տեսանկյունից այդ բռնապետի հանցագործություններին ծանոթ մարդիկ կբացականչեն՝ հասնում էր: Նմանատիպ տեսարաններ շատ էին անցած շաբաթ՝ Ուկրաինայում: Մայդանի անվերահսկելի ջոկատը բռնել էր մի մաքսավորի, սքոչով կապել ինչ-որ մի սյան եւ նվաստացնում էր նրան: Հոգու խորքում մենք վստահ ենք, որ հետխորհրդային տարածքի բոլոր մաքսավորները արժանի են նման վերաբերմունքի: Բայց դրանում մենք վստահ ենք այնքան ժամանակ, մինչեւ չմիանա մարդկային չափումը, որը տվյալ դեպքում հատվում է նաեւ օրինականության տարրական պատկերացումների հետ:

Հետխորհրդային ղեկավարների, ինչպես նաեւ Քադաֆիի տիպի բռնապետների դղյակների աննորմալ շքեղությունը վկայում է անշուշտ նախեւառաջ նրանց անսահման ագահության եւ կոռումպացվածության մասին: Յանուկովիչը նույնիսկ գրի էր առնում, թե ով որքան կաշառք է իրեն տվել. պարզ է, մեծ երկիր է, կարող է մոռացվել, թե ով որքան է մուծվել: Եվ ահա՝ փախչելիս մի քանի բեռնատար չհերիքեց բոլոր ամենաթանկարժեք իրերը դղյակից հանելու համար: Քաղաքական առումով դա կոռուպցիա է, մարդկային չափումով՝ պաթոլոգիա: Ինձ թվում է՝ կյանքի մասին նման պատկերացումներ ունեցող մարդը չի կարող ոչ միայն նախագահ աշխատել, այլեւ ընդհանրապես՝ հասարակության համար որեւէ օգտակար գործ անել:

…Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեւիդեոյի մոտ գտնվող իր համեստ տնակում ապրում է այդ երկրի 77-ամյա նախագահ Խոսե Մուխիկան: Իր ամսական աշխատավարձի` 12.000 դոլարի 90 տոկոսը նա ծախսում է բարեգործական նպատակներով, աշխատանքի է գնում իր 1987 թվականի «Ֆոլկսվագենով», կնոջ հետ ծաղիկ է աճեցնում եւ վաճառում: Դժվար թե Ուրուգվայն աշխարհի ամենահարուստ երկիրն է, կոռուպցիայի ընկալման չափորոշիչով էլ աշխարհում ամենաբարվոք տեղերում չէ: Փոխարենը կարելի է ասել, որ այդ երկրի քաղաքացիներն իրենց ավելի հպարտ եւ ապահով են զգում, քան շատ-շատ ավելի զարգացած երկրների քաղաքացիներ: Զուտ մարդկային չափումով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ցավոք սրտի Խոսե Մուխիկանի նման ղեկավարները բացառություններ են։ Ես կարծում եմ, որ դրական հատկություններ ունեցող մարդը պարզապես չի կարող հասնել այն աստիճանի, որ գործը հասնի Նախագահ դառնալուն։ Չէ որ այդ ճանապարհին ստորությունը, սուտը, խաբեությունը, դիակների վրայով քայլելը «վերջինը վերաբերվում է հիմնականում նախկին խորհրդային պետությունների Նախագահներին» անհրաժեշտ պայմաններ են նման բարձրունքի հասնելու համար։

  2. Վասիլի Գևորգյան says:

    Տարիներ առաջ վստահ որոշում եմ կայացրել, որ երկրի նախագահի պաշտոնում կընտրեմ միայն այն մարդուն, ում կհամարեմ անվերապահորեն ազնիվ և մոտեցումս աշխատել եմ տարածել մտերիմներիս շրջանակում: Գուցե երբ այս մոտեցումը որդեգրեն շատերը, մենք էլ կարողանանք հպարտանալ:

    • Կարեն says:

      հարգելի Վասիլ; ես էլ սիրով կվարվեմ ինչպես Դուք։ Բայց ինչպես որդեգրել այդ մոտեցումը, երբ նման մարդուն պարզապես թույլ չեն տա մոտենալ այդ աթոռին, և այդ մարդու մասին մենք չենք իմանա։ Ձեր ասած մարդուն կոչնչացնեն դեռ սաղմնային վիճակում։

  3. Ռուբեն says:

    Թե գրածս որքան կապ կունենա թեմայի հետ, չգիտեմ, բայց կարծում եմ, որ ղեկավար և առաջնորդ հասկացողությունները դրանք տարբեր բաներ են:
    Առաջնորդները սակավապետ և ժողովրդի հոգսերով ապրող մարդիկ են լինում, իսկ ղեկավարը` դա ժողովրդի վրա կարգ ու կանոն սահմանող տեսակն է, ով ավելի շատ համագործակցում է բնակչության առավել հարուստ և գործարար շերտի հետ` ինքնստինքյան, հեռանալով հասարակ ժողովրդի հոգսերից:

    Առիթից օգտվելով ասեմ, որ այսօր լրանում է հայ ժողովրդի մեծ առաջնորդներից մեկի ծննդյան149-ամյակը: Խոսքը Անդրանիկ Զորավարի մասին է: Եթե ուշադիր կարդանք նրա կենսագրությունը, ապա նրա գործունեության վեկտորը միակն է եղել` ԱՄԵՆ ԻՆՉ` ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ:
    Եվ իր ակտիվ կյանքն ապրելով հերոսաբար, 1919թ. գարնանը հիասթափվելով Հայաստանի դաշնակից պետությունների վարած երկդիմի քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության կողմից իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, նա հեռանում է Հայաստանից, սակայն իր սիրտն ու միտքը հայ ժողովրդից անբաժան պահելով մինչև իր կյանքի վերջը:

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ ԾՆՆԴՅԱՆԴ ՕՐԸ ՍԻՐԵԼԻ ԶՈՐԱՎԱՐ

  4. Արսեն says:

    Ա. Աբրահամյանի հետ «ղուշ գիր» խաղալը անիմաստ է, նրա նետած բոլոր կոպեկները օլոմբա են կանգնեելու ..))..
    Զարմանում եմ, ինչպես հեղափոխությունների բոլոր հնարավոր պարամետրերի մեջ Աբրահամյանը մոռացավ «հաշվի առնել» «ամենակարևորներից» մեկը՝ էկոլլոգիականը ..))).. Մայյդանոււմ այրված ավտոդողեերը, անկասկած, չնպաստեցին (մեղմ ասած ..)).. ) մոլորակի էկոլոգիական վիճակի բարելավմանը ..)))).. հետևաբար՝ հեղափոխությունները բացասական երևույթներր են՝ պետք է գնալ «էվոլուցիոն» ճանապարհով ..))))..
    Բայց ինձ հետաքրքրում են այլ հարցեր.
    1. «Սահմանադրական» էր արդյոք Ուկրաինական հեղափոխոությունը? ..)))…
    2. Հեղափոխականները հաշվի չառան հնարավոր տարածքային կորուստների ռեալ սպառնալիքները ( ոչինչ չի հիշեցնում? ..))..) ։Ինչը ցույց է տալիս, որ Ուկրաինացիները «հայրենասեր» չեն, ի տարբերոթյուն «հավասարակշռված էվոլուցիոն» հայերի։
    Իրոք դա այդպես է? ..))))..

  5. Ruben says:

    “Бей красных, пока не побелеют, бей белых, пока не покраснеют!”

  6. Akhpar says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, ես սիրում եմ կարդալ ձեր խմբագրականները: Դուք փորձում եք մնալ անկանխակալ դիտորդի դերում: Նաեւ գիտեմ, որ դուք չունեք մասնագիտական ​​կրթություն որպես լրագրող, այնպես որ, որոշ «ոչ այնքան հայերեն» լեզուն սպասելի է: Այս խմբագրականի վերնագիրը, սակայն, այնքան ակնհայտ վատ թարգմանություն է ռուսերենից, որ խոսքերն են հայերեն, բայց առանց ռուսերեն թարգմանելու իմաստը պարզ չէ: Սա է պատճառը, թե ինչու Հայաստանն այնքան կախված է ամեն Ռուսականից; Մեր մտավոր վերնախավը (էլիտան), Ձեր նման կրթված մարդիկ, մտածում են ռուսերեն: Խնդրում եմ, փորձեք մտածել հայերեն եւ խթանել ճշմարիտ հայոց լեզուն, ձեր թերթի միջոցով:

    Փորձեք «հարթություն» – ‘измерение’ բառի ճիշտ թարգմանությունն է տվյալ դեպքում:

    Dear Mr. Abrahamyan, I always like to read your column. You try to be an objective observer. Also know that you do not have professional training in journalism, so some ‘not so Armenian’ language is expected. The title of this one, however, is such an obviously bad translation from Russian that I have to point it out to you – the words are Armenian, but it has no meaning without translating back to Russian. Actually, this is a good illustration why Armenia is so dependent on everything Russian. Our intellectual elite – educated people like yourself, think in Russian. Please try to think Armenian and promote true Armenian language through your newspaper.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ընդհանուր առմամբ, միանգամայն տեղին խորհուրդ է: Ինքս դրա մասին ոչ մի րոպե չեմ մոռանում ու շատ եմ կարեւորում: Տվյալ դեպքում սակայն human dimension միջազգային եզրը բազմիցս թարգմանվել է Հայաստանում: Գուցե սխալ:

  7. Գալուստ Ենոքյան says:

    Չգիտեմ հնարավոր է թե ոչ, (գուցե միամտություն է) եթե ԱԺ ում առաջարկություն դնել որ Հայաստանի իշխանավորների դղյակների Բաց Դռների օր հայտարարվի, որ քաղաքացիները մի օր հնարավորություն ունենան մի երկու ժամով հյոուր գնան իրեց ծառայող պետական ներկայացուցիչների «իհարկե գուցե միայն հանրապետության Դատախազի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի…): Սա իհարկե բարի կամքի ճիշտ արտահայտություն կլիներ եվ ավելի կամրացներ ժողովրդի հավատը իրրենց ընտրյալների նկատմամբ: (Խնդրում եմ առաջարկությունս ձեռք չառնեք…)

    • Mariam says:

      Միանգամայն լուրջ եմ ընդունում Ձեր առաջարկը, կարելի է նախաձեռնել: Միայն թե.
      1. երբ քաղաքացիները իրենց աչքերով տեսնեն, թե ինչ պայմաններում են ապրում մեր իշխանավորները, փողոց դուրս գալու և իշխանափոխություն իրականացնելու ցանկցությունն ավելի կուժեղանա,
      2. մեր իշխանավորները երբեք ցույց չեն տա իրենց իրական ամառանոցները, ինչպես որ ամբողջ չափով չեն հայտարարագրում իրենց ունեցվածքը: Վերջում կպարզվի, որ բոլորն իրենց զոքանչների ու բաջանաղների տներում են ապրում:

    • Mariam says:

      Իսկ բարի կամքի դրսևորում կլինի, եթե մեր մուծած հարկերը ի նպաստ մեզ ծառայեն, այլ ոչ չինովնիկների դղյակների: Իսկ ինչ վերաբերում է ընտրյալներին, Դուք իսկապես լավատես եք, քանզի այդպիսիններ դժվար թե գտնվեն: Կամ միգուցե ես եմ չափից շատ վատատես 🙂

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Մարիամ, իհարկե «բարի կամքի ճիշտ արտահայտություն» ը ես միտումնավոր չակերտների մեջ չէի առել, քանզի ցավոք սրտի դեռ մեծ թվով մարդիկ կան հայրենիքում որոնք դեռ հավատ ունեն… մարդիկ դեռ անդամակցում են Գրիբոեդովյան ակպւմբներին…: Ինչպես ուկրաինական վերջին դեպքերը միանգամ եվս համոզեցին մեզ «գեղցիների» ագահությունը չափեր չունի… ես վերջերս «լսել» եմ թե Appl Co. ապագա IPhon ը ունենալու է հատուկ Aplication (App)որը հնարավորություն կտա չափել հեռախոսը ձեռքը վերցնողի ԱԳԱՀՈՒԹՅԱՆ աստիճանը…կարծում եմ ապագայի մեր ընտրողներին դա շատ օգտակար կլինի… Հարգանքներով, Գալուստ

  8. Garegin says:

    Թեմայի հետ կապ չունեցող դիտողություն:
    Պարոն Աբրահամյան Ձեզանից շնորհակալ ենք կարծիքների փոխանակման նման հարթակ առաջարկելու համար, սակայն ինչն է պատճառը, որ ցերեկային ժամերին Տավուշի մարզին վերաբերվող հոդվածների մեկնաբանությունները տեղադրվում են միայն ուշ երեկոյան, իսկ Ձեր հոդվածներինն անմիջապես: Խնդրում ենք, եթե հնարավոր է, այս հարցը կարգավորեք: Մեկնաբանության տեղադրելը պարտադիր չէ:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի պարոն Գարեգին, վստահեցնում ենք, որ Ձեր նկատառումը զուտ պատահականության հետեւանք է, հաճախ լինում է նաեւ հակառակը: Մեկնաբանությունների տեղադրման համար որեւէ առաջնահերթություններ չունենք, եթե դրանք վիրավորանք պարունակելու կասկած չեն հարուցում: Եթե կասկածելի են լինում՝ մի քիչ ուշանում է տեղադրումը, քանի որ քննարկվում է դրանց տեղադրման նպատակահարմարությունը: Ընդամենը: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728