Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ փոխոստիկանապետը Արցախի ծեծի մասին. «Ժողովուրդ»

Հունիս 08,2016 10:58

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, անդրադառնալով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի գործին, վստահեցրեց, որ գործը չի կոծկվի. «Տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված հանցագործները պատժվելու են»։
Երեկ Հայկ Խանումյանը նշել է, որ 7 հոգուն ճանաչում է արտաքինով ու դեռ չի շտապում անուններ հրապարակել, քանի որ ենթադրությունները դեռ պետք է հստակեցվեն:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանի հետ։

– Պարոն Ենգիբարյան, ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում օրը ցերեկով մարդ են ծեծում, եւ ծեծողները դեռ անհայտ են ու անպատիժ։

– Միայն կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ՝ երկու հոդվածով, եւ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում՝ անհայտ անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։ Այս պահին այլ բան Ձեզ չեմ կարող ասել։

– Հրապարակվեց այն մասին, որ պատգամավորին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որն անձամբ տվել է Սամվել Բաբայանը։ Ավելին՝ անգամ հայտնի է, որ Ազգային ժողովի եւ Արցախ բանկի տեսախցիկները տեսանկարահանել են ծեծի մի մասը, որը տեղի է ունեցել հրապարակում։ Արդյո՞ք ոստիկանությունն առգրավել է այդ տեսախցիկները եւ ի՞նչ է պարզել դրանց միջոցով։ Ավելին՝ Խանումյանն ինքն է հայտնել, որ դեմքերով հիշում է իրեն ծեծողներին, մի՞թե այսքան փաստերը բավական չեն որոշակի անձանց բերման ենթարկելու համար։

– Նախաքննության շահերից ելնելով՝ ես այս հարցերին չեմ կարող պատասխանել։ Նշեմ, որ ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության՝ հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները։ Տարվում է նախաքննություն։

– Հասարակության մոտ մտավախություն կա, որ այս ծեծի գործը կկոծկվի, ինչպես կոծկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներին Բերձորի ճանապարհին ծեծի ենթարկելու դեպքը։ Այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ու գործը փակվեց, գնաց։

– Այդ ի՞նչ խոսակցություններ են, ինչպես կարող է՝ գործը փակվի. ոչ մի քրեական գործ էլ չի փակվում, մինչեւ անձը չհայտնաբերվի. այդ ինչ զրույցներ են, չեմ հասկանում։

– Մարդիկ մտավախություն ունեն, որ պատգամավորի ծեծը կմնա անպատիժ:

– Ո՛չ, ինչպե՞ս, քրեական գործը հարուցված է, տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված կարգով հանցագործները պատժվելու են:

 
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930