Ասում է ապրիլյան պատերազմի մասնակից Գեւորգ Մանուկյանը
Ապրիլյան պատերազմը ցավոտ էջ էր յուրաքանչյուր հայի համար։ Այդ օրերը հիշելիս կրկին իրար են խառնվում կորստի ցավը, հպարտությունն ու հաղթանակի զգացումը։ 2016 թվականի ապրիլ ամսին հերոսացան տասնյակ երիտասարդներ, ովքեր ապրել ու ապրում են մեր կողքին։ Նրանցից մեկը Գեւորգ Մանուկյանն է, ով այդ ժամանակ ծառայում էր Եղնիկներ կոչվող զորամասում։ Գեւորգը ճիշտ պահին նկատել է հակառակորդի ուղղաթիռը, եւ երեք կմ հեռավորության վրա «Իգլա» տեսակի զենքով նշան է բռնել եւ խոցել ուղղաթիռը՝ փրկելով շատերի կյանքը։ Ուղղաթիռը իր անձնակազմի հետ տապալվել էր։
– Գեւորգ, մինչ բանակ զորակոչվելը սովորել եք Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում, սակայն զորացրվելուց հետո ուսումը շարունակել եք Իրավագիտության ֆակուլտետում, ի՞նչը ստիպեց ձեզ փոխել ձեր որոշումը։
– Յուրաքանչյուրն ուզում է արդարություն լինի ու արդարության կայացման գործում փոքրիկ քայլ արած լինի, մասնակցություն ունենա, երեւի որոշումս փոխելու հիմնական պատճառը դա է եղել։
Կարդացեք նաև
– Սիրո՞ւմ եք զինվորական ծառայության ոլորտը։
– Փոքր տարիքից միշտ հետաքրքրվել եմ բանակով։ Հիշում եմ, որ երբեք բաց չէի թողնում «Զինուժ» հաղորդաշարը, անգամ մինչ բանակ զորակոչվելս ցանկացել եմ դեսանտային զորքերում ծառայել, բայց այնպես ստացվեց, որ ծառայեցի ՀՕՊ զորքերում, որից ամենեւին դժգոհ չեմ։
– Ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ ուսումնական զորամասում ծանոթացար «Իգլա» զինատեսակին, կմտածեի՞ր, որ երբեւէ գործնականում կկիրառես այն։
– Եթե տեսնում ես զենքը, ուսումնասիրում ես նրա կառուցվածքը, սովորում ես օգտվել դրանից, մտքի ծայրով պատկերացնում ես, որ այն կիրառվում է ու ինչ-որ ժամանակ հնարավոր է, որ դու եւս այն կիրառես։ Պատկերացրել եմ, որ հնարավոր է պետք լինի կիրառել, ոչ թե պատերազմ լինի ու այդ ժամանակ օգտագործեմ, այլ ասենք՝ ուսումնական զորավարժության ժամանակ։
– Ինչպե՞ս է տեղի ունենում ուսուցումը ուսումնական զորամասում։
– Զենքիս շատ լավ եմ տիրապետել, մեզ զենքի հետ ծանոթացնում էին ոչ թե զինվորա-կաններ, այլ դասախոսները, մեթոդիստները, ովքեր նախկինում ծառայել են զինված ուժերում, նրանք էին սովորեցնում օգտվել զենքից ամենայն մանրամասնությամբ։
– Ծառայության մեծ մասը անց եք կացրել դիրքերում. Ինչո՞վ է տարբերվում սպա-զինվոր հարաբերությունները դիրքերում ու զորամասում։
– Հիմնականում տարբերությունը խստությունն է, եթե զորամասում սպայի խստությունը պայմանավորված է արտաքին տեսքի հետ, որի մեջ մտնում է հագուստի, կոշիկների մաքրությունը, սափրված լինելը, օրվա կարգացուցակի պահպանումը՝ տողան, անվանականչ, դիրքերում խստությունը ուղիղ համեմատական է անվտանգության հետ՝ առաջին հերթին սահմանին կանգնած զինվորի, երկրորդ հերթին՝ թիկունքի։ Յուրաքանչյուրը սահմանին պետք է պահպանի իր առջեւ դրված պարտականությունները։
– Սահմանին միշտ հնչում են կրակոցներ, ու դրանց բացակությունը զինվորների համար հաճախ անսովոր է լինում։ Անսպասելի՞ էր ադրբեջանական կողմի ապրիլյան հարձակումը։
– Առաջին հերթին հետեւանքները մեզ ցույց տվեցին, որ անսպասելի էր, որովհետեւ եթե սպասված լիներ, էդ աստիճան դաժան հետեւանքներ չէինք ունենա։ Սպասելի այնքանով էր, որ եթե ունես թշնամի, նման բանի բացարձակ չսպասելն անմտություն է։ Ընդհանուր առմամբ՝ սպասելի էր, քանի որ եթե ունես հակառակորդ, ուրեմն պիտի գիտակցես, որ կարող է օր լինել, որ նրանք կհարձակվեն։
– Ուղղաթիռը խոցելով փրկեցիր շատերի կյանքը, այդ պահին գիտակցո՞ւմ էիր քայլիդ լրջությունը։
– Լրջությունը պետք է գիտակցել զորակոչի ծանուցում ստանալու օրվանից։ Պետք չէ տարբերություն դնել քաղաքային զորամասում ծառայության, առաջնագծից հեռու ծառայության, առաջնագծում ծառայության միջեւ, քանի որ բոլորն էլ լուրջ են, իրենց լրջությունն ունեն։ Ծառայության սկսված օրից պետք է լուրջ վերաբերվել ծառայությանը, որպեսզի կարողանաս ճիշտ կազմակերպել քո գործողությունները, ճիշտ կազմակերպել քո անվտանգությունը։
Բայց այդ օրվա, այդ պահի հետ կապված՝ բնականաբար, նման բան չես տեսել, կրակոցներ տեսել ես, լսել ես, արկերի պայթյունը լսել ես, տեսել ես, բայց ինչ-որ բան, որ չես տեսել, այն էլ այդ մասշտաբի, արդեն լրջությունը պատկերացնում ես, մանավանդ որ գիտես, թե որ դեպքերում են այդպիսի զինատեսակներ կիրառվում, այդ ժամանակ զգում ես լրջությունը, ուղղակի նույն լրջությամբ պիտի վերաբերվես տեսածիդ ու ճիշտ պահին անցնես գործողությունների։
– Նման իրավիճակներում ի՞նչն է կարեւոր ճիշտ կողմնորոշվելու համար։
– Առաջին հերթին կարեւոր է պատրաստվածությունը, հասարակ զինվորն առանց պատրաստվածության հակառակորդի զրահատեխնիկայի, օդուժի դեմ ոչինչ չի կարող անել: Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր, ուղղակի այդ պահին ես էի այդտեղ։
ԱՐՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
03.04.2019


















































