Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը Մոսկվայի համար բաց է թողել հայ-ադրբեջանական «պատուհանը»

Մարտ 18,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

ԱՄՆ-ը պատրաստ է հանդիպել ռուսական կողմի հետ, եթե, իհարկե, ռուսական կողմն անկեղծորեն ցանկանում է աշխատել Միացյալ Նահանգների հետ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները, կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե կքննարկեն, կներկայացնենք հայկական կողմի դիտարկումները:

Այսպիսով, մեկնարկել է Երեւան-Բաքու քննարկումների 4-րդ փուլը։ Փաշինյանը կրկին ընդգծեց Ռուսաստանի պատասխանատվության հարցը: Այս անգամ նա մատնացույց արեց ՌԴ Դաշնային խորհրդի 2020թ. նոյեմբերի 18-ի որոշումը` Լեռնային Ղարաբաղ ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին։ Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել։

Փաշինյանը մեջբերեց դիմում-նամակը, ապա արձանագրեց. «Հայկական եւ ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից եւ քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ Լեռնային Ղարաբաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին». ասված է Վլադիմիր Պուտինի Դաշնային խորհրդին ուղղված նամակի մեջ։ Դաշնային խորհուրդը նույն ձեւակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը եւ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել՝ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որեւէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումը իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի եւ սա թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում, ես որեւէ կանխավարկած չունեմ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։ Պարզապես վերջին երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես օրինակ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են»։

Փաշինյանը Մոսկվայի պատասխանատվության թեման թեժ պահելով, իհարկե, որոշակի առավելություններ է ստանում. Արեւմուտքի գնահատականները հայկական շահերի սպասարկման տեսանկյունից, ակնհայտորեն, ավելի դրական են` Մոսկվայի` Հայաստանի նկատմամբ դրսեւորվող «չեզոքության» պայմաններում:

Եվրոպական խորհրդարանը ձայների 534 «կողմ», 10 «դեմ» եւ 66 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ զեկույցը, որում Ադրբեջանը դատապարտվեց Լաչինի միջանցքի շրջափակման համար, ինչպես նաեւ մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների համար: Բանաձեւում Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտեց 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ վայրերի նկատմամբ, որը հրադադարի լրջագույն խախտում էր եւ հակասում էր ավելի վաղ ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ ընդունված բանակցությունների շրջանակում: Փաստաթղթում նաեւ ամրագրվեց. «Եվրոպական խորհրդարանը դատապարտում է 2021-ի մայիսից սկսած ռազմական ներխուժումը ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք: Վերջին՝ սեպտեմբերյան ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ տեւական հակամարտության հետ»: Բանաձեւով Եվրոպական խորհրդարանը պահանջեց Ադրբեջանին վերացնել ցանկացած խոչընդոտ՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության եւ անվտանգության հետ կապված:

«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն արդեն անտանելի է», Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նշեց պատգամավոր Հերվ Ժյուվինը` հավելելով. «Մենք պետք է հրաժարվենք ադրբեջանական գազի մասին կեղծավորությունից: Մենք չպետք է ընկնենք իլյուզիաների գիրկը նաեւ ռուսական գազի հետ կապված: Ադրբեջանն ունի մեծ գայթակղություն Թուրքիայի հետ միջանցք ստեղծելու հարցում, եւ սա աշխարհաքաղաքական սպառնալիք է Եվրոպայի համար: Մենք պետք է ուժեղացնենք մեր դիտորդական առաքելությունը տարածաշրջանում, քանի որ ռուս խաղաղապահները չեն հաջողում: Հարյուր հազարավոր հայեր պայքարում են գոյատեւման համար»:

Միեւնույն ժամանակ Բրյուսելը շարունակում է կոչ անել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ շփումների շարունակման ուղղությամբ: Ադրբեջանի իշխանությունների եւ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջեւ ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը News.am-ին տված մեկնաբանությունում: Կլաարը շեշտել է, որ երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձեւավորմանը, եւ ոչ թե առճակատումը բորբոքելուն. «Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից եւ կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»։

Ադրբեջանի նախագահն օրերս Բեռլին կատարած այցի ընթացքում եւս լսեց որոշ հայտարարություններ: Հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում պետք է հաշվի առնվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը, նշեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Մեզ համար կարեւոր է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարատեւ հակամարտությունը խաղաղ լուծում գտնի… Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ նկատի ունեմ, որ պետք է հաշվի առնվի եւ ապահովվի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Շոլցը` Ալիեւի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով՝ պետք է ապահովվեն նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ համաձայն միջազգային իրավունքի. «Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել»: Կանցլերը նաեւ հավելել էր, որ Բեռլինում անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով, որտեղ «լարվածության աճի վտանգ» կա:

Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունները եւս ուշագրավ էին: «Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ասում եմ՝ վերացրու Լաչինի միջանցքի շրջափակումն այսօր անհապաղ»,- Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում արձանագրեց նա։ Ռասմուսենը նաեւ այցելեց Լաչինի միջանցք եւ հայտարարեց հետեւյալը. «Լաչինի միջանցքը միակ կապն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում հայկական բնակչության միջեւ։ Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ ճանապարհը շրջափակված է։ Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ օրինական։ Ես հանդիպեցի մարդկանց, որոնք ապրել են ԼՂ-ում, եւ իրենք ինձ պատմեցին այն ճգնաժամային իրավիճակի մասին, որ տիրում է ԼՂ-ում։ Շրջափակում նշանակում է, որ պարենային ապրանքների ու դեղորայքի շատ փոքր քանակ կարելի է տեղափոխել ԼՂ։ Դա նշանակում է պարենի եւ կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում։ Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի հետ, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է, ՄԱԿ-ի միջազգային դատարանը շաբաթներ առաջ որոշել է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի բացել միջանցքը, ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով եւ հասանելիությունը ԼՂ։ Որոշումը պարտադիր է, որը նշանակում է՝ Ադրբեջանը պարտավոր է միջանցքի հասանելիությունն ապահովել ազատ տեղաշարժի համար»։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա ամերիկյան դիրքորոշումն օրեր առաջ ներկայացրեց Բաքվից հետո Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը Երեւանում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին:

Վերջին մի քանի ամիսներին Երեւանը պնդում է, որ ամենակարեւոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը, այս հարցին ի պատասխան՝ Բոնոն նկատել էր. «Կարծում ենք, որ սա շատ կարեւոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատեւ եւ հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարեւորությունը»: Դիտարկմանը` երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երեւանը եւ Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու, ամերիկացի դիվանագետը պատասխանել էր. «Նախեւառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որեւէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարեւոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ»:

Ուշագրավ էր վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Վաշինգտոնի եւ Եվրամիության ուղղությամբ քննադատությունների վերաբերյալ հարցի պատասխանը: Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն կա՞, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում։ Բոնոն նշել էր. «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած եւ բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որեւէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որեւէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք»:

Իսկ պատրա՞ստ են նաեւ հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաեւի հետ, հարցին ի պատասխան՝ Բոնոն հայտարարել է. «Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տեւեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի»:

Այսպես, Վաշինգտոնի դիրքորոշումը հետեւյալն է` Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է արտացոլվի խաղաղության պայմանագրում, այսինքն` Լեռնային Ղարաբաղը պետք է խաղաղ գործընթացի մաս դառնա:

Եվ ամենակարեւորը, ամերիկացի դիվանագետը հստակ արձանագրել է, որ պատրաստ է հանդիպել ռուսական կողմի հետ, եթե ռուսական կողմը անկեղծորեն ցանկանում է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ գործընթացը առաջ տանելու ուղղությամբ:

Դե ինչ, սա արդեն Վաշինգտոնի կողմից երրորդ անգամ հնչեցված ուղերձ է: Նախորդ երկու անգամները Մոսկվան, ըստ էության, մերժել, անտեսել է այս ուղերձները` անհեթեթ բացատրություն-պատճառաբանություններով:

Պաշտոնական Երեւանը եւս, պարտավոր է ջանքեր գործադրել Հայաստան-Ադրբեջան խնդիրների հարցում Մոսկվա-Վաշինգտոն շփումների վերականգնման ուղղությամբ: Նման շփումների վերականգնումից հայկական կողմը կարող է միայն շահել: Հակասությունների, դադարեցված շփումների պայմաններում ամրապնդվում են Բաքուն եւ Անկարան, ինչը չի կարելի թույլ տալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031