Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանին օգնության հասավ «օրենքով սահմանված դեպքեր» հասկացությունը

Նոյեմբեր 11,2021 14:00 Share

ՍԴ իրավական գնահատմամբ՝ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասում առկա «օրենքով նախատեսված դեպքեր» բառակապակցությունը չի բացառում, որ ազատման հիմքերի շարքում կարող է լինել ռազմաքաղաքական եւ այլ գործոններով պայմանավորված՝ պաշտոնից ազատումը:

Սահմանադրական դատարանում պատասխանող կողմ ճանաչված ԱԺ-իստների պնդմամբ՝ հիմնազուրկ են հանրապետության նախագահի պնդումներն առ այն, որ հանրապետության նախագահը չունի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն, քանզի նման լիազորությունն ուղղակի իր ամրագրումն է ստացել Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասում: Ըստ պատասխանողի՝ Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանված են զինված ուժերի ենթակայության, դրանց նպատակների, կիրառմանն առնչվող կարգավորումները, եւ հանրապետության նախագահի կողմից գլխավոր շտաբի պետի նշանակման մասին հիշատակումը նշված հոդվածի 3-րդ մասում ամենեւին չի նշանակում, որ գլխավոր շտաբի պետի նշանակման եւ ազատման հարաբերությունները հանդիսանում են Սահմանադրության 155-րդ հոդվածի կարգավորման առարկա։

Հանրապետության նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Հանրության շրջանում գործը հայտնի է «Օնիկ Գասպարյանի գործ» անունով: Նախագահի դիմումը մուտքագրվել էր ՍԴ այս տարվա մարտի 10-ին, իսկ դատարանը լսել եւ որոշում է կայացրել օրերս՝ նոյեմբերի 2-ին: Եվ քանի որ հերթական անգամ գրավոր ընթացակարգով էր քննվել դիմումը, ուստի ներկայացնում եմ որոշ մանրամասներ ՍԴ «դռնբաց» գրավոր ընթացակարգով նշանակված նիստից:

Նախ, նշեմ, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թ. նոյեմբերի 15-ին, հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ին եւ ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 16-ից: Օրենքի՝ «Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»: Օրենքի վիճարկվող դրույթը՝ 40-րդ հոդվածի 3-րդ մասը, օրենքում լրացվել է 2018 թվականի հունիսի 21-ին ընդունված եւ նույն թվականի հուլիսի 9-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-344-Ն օրենքով:

Ըստ դիմումատու նախագահի՝ առկա օրենսդրական իրավակարգավորումները բավարար չափով որոշակի, ընկալելի եւ կանխատեսելի չեն, քանզի չեն ամրագրում հիշյալ պաշտոնատար անձին պաշտոնից ազատման կոնկրետ դեպքերը, իսկ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով, որ գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ «օրենքով սահմանված ժամկետով», չի նախատեսում պաշտոնավարման այդ ժամկետը չլրացած գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավական հնարավորություն։ Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու դեպքերը (հիմքերը), մինչդեռ հիշյալ հոդվածում կատարված փոփոխությունների արդյունքում այն լրացվել է վիճահարույց 3-րդ մասով, որի համաձայն, ըստ դիմողի՝ «բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել սոսկ քաղաքական հայեցողությամբ՝ առանց պաշտոնից ազատման՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության»: Հղում կատարելով Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին եւ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին՝ դիմողը նշել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, Սահմանադրության համաձայն, պետք է լինի որոշակի, իսկ օրենսդիրը, հստակեցնելով սահմանադրական այս պահանջը, ամրագրել է պաշտոնավարման հնգամյա ժամկետ:

Ինչպես մնացյալ դեպքերում է, ՀՀ նախագահի ներկայացուցչի մասին ՍԴ-ն որեւէ արձանագրում չուներ, իսկ այս գործով որպես պատասխանող կողմ ներգրավված են եղել Ազգային ժողովի ներկայացուցիչներ` ԱԺ պատգամավոր Ա. Ջուլհակյանը, ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանը: Նիստը նախագահողը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Պետրոսյանը ներկայացնելու են հատուկ կարծիքներ: Պաշտոնական կայքում տեղադրված էր միայն որոշումը, իսկ հատուկ կարծիքներին կանդրադառնանք, եթե դրանք նույնպես հրապարակվեն:

Պատասխանող կողմի գնահատմամբ՝ օրենսդիրն ամրագրել է վարչապետի հայեցողական լիազորությունը՝ հանրապետության նախագահին առաջարկել զինվորական պաշտոնից ազատել բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին, որպիսի կարգավորումն ամբողջությամբ համահունչ է Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ամրագրված «օրենքով սահմանված դեպք» հասկացությանը:

Պատասխանողը պնդել է. «Վիճարկվող օրինադրույթի որոշակիությունը բնավ խնդրահարույց չէ, այն ձեւակերպված է հստակ, դրանում չեն օգտագործվում գնահատողական հասկացություններ, որպիսի պայմաններում դիմումում մատնանշված փաստարկներն առարկայազուրկ են»: Ինչ վերաբերում է Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով եւ Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումների փոխհարաբերակցությանը՝ ըստ պատասխանողի՝ «պաշտոնյայի՝ որոշակի ժամկետով նշանակվելը դեռեւս չի նշանակում, որ նրա պաշտոնավարումը չի կարող դադարել մինչեւ նշված ժամկետի ավարտը»: Ընդսմին, Սահմանադրությամբ հիշատակվող բոլոր պաշտոնյաների դեպքում Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված են կառուցակարգեր, որոնց կյանքի կոչվելու դեպքում համապատասխան պաշտոնյայի լիազորությունները դադարում են մինչեւ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալը:

Սահմանադրական դատարանին հետաքրքրել էին հետեւյալ հարցերը. արդյո՞ք վիճարկվող դրույթում առկա է սահմանադրական իմաստով անորոշություն, ինչպես նաեւ օրենսդրական բաց՝ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հարցում, ո՞րն է սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող Սահմանադրության 14-րդ հոդվածի հիմնարար նշանակությունը պաշտպանության ոլորտի իրավական կարգավորման ինստիտուտների, հատկապես՝ զինված ուժերի ղեկավարման համար, որո՞նք են երկրի պաշտպանության իրականացման առանձնահատկությունները, զինված ուժերի ու կառավարման սկզբունքները, որո՞նք են զինված ուժերի ղեկավարման, զինվորական ծառայության հայեցակարգային հիմքերն ու յուրահատկությունները, դրանցով պայմանավորված սահմանադրական կարգավորման առանձնահատկությունները:

Ըստ ՍԴ իրավական դիրքորոշման. «Զինված ուժերում բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններ զբաղեցնող անձինք պետական քաղաքականությունն անմիջականորեն կենսագործողներն են, որպիսի պայմաններում տվյալ պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման եւ ազատման հարցում գործադիր իշխանությունը, որպես ռազմական կառավարման վերին մակարդակի կառավարման հավաքական սուբյեկտ, պետք է ունենա եւ Սահմանադրությամբ ամրագրված կարգով իրավունք ունի նշանակելու եւ ազատելու հրամանատարական նշված կազմի պաշտոնյաներին: Հիշյալ իրավազորությունը համահունչ է սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքին»: Բացի այդ, ՍԴ գնահատմամբ՝ Սահմանադրությունը Հանրապետության պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը՝ պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումը եւ իրականացումը, պետության ռազմական անվտանգության համակարգի բնականոն գործունեության ապահովումը, Հանրապետության զինված ուժերի ղեկավարումը վերապահում է կառավարությանը. «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ռազմական կառավարման բոլոր մակարդակները՝ սկսած մարտական խնդիրներ լուծող զորամիավորումներից, ռազմաօպերատիվ կառավարման մարմիններից ու իշխանությունների բաժանման սկզբունքով կառուցված ռազմավարական կառավարում իրականացնող ընդհանուր իրավասության պետական մարմիններից, կազմում են երկրի պաշտպանության գործառույթի կառավարման միասնական կառուցակարգը, որը եւ կառավարման, եւ ծառայողական առումներով կառուցվում ու գործում է խիստ կենտրոնացվածության, խստագույն զինվորական կարգապահության, ենթակայության, անընդհատության եւ մի շարք այլ յուրահատուկ սկզբունքներով»: ՍԴ-ն հղում էր կատարել իր՝ 2011 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-991 որոշմանը, որն անդրադառնալով ընդհանրապես աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս անձանց իրավական տարբեր կարգավիճակների սահմանման խնդրին` կապված անմիջական պայմանագրային պարտականություններին՝ ընդգծել է. «Եթե այս մոտեցումն ընդունելի է աշխատանքային իրավունքի ոլորտում, ապա այն լրիվ ընդունելի է զինվորական ծառայության ոլորտի համար, հետեւաբար՝ դրա իրավական հատուկ կարգավորումներն ունեն օբյեկտիվ եւ արդարացված հիմքեր, ինքնին խնդրահարույց չեն եւ համահունչ են Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի առաքելությանը, դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության էությանը»: ՍԴ-ն արձանագրել էր՝ տրամաբանորեն գլխավոր շտաբի պետին պաշտոնի նշանակելը եւ պաշտոնից ազատելը կատարվում է Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի դրույթին համապատասխան, իսկ այդ դրույթը ենթադրում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ նշանակման, եւ ազատման իրավասություն:

ՍԴ-ն «կրկնաբանություն» է համարել Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասն ու 155-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «օրենքով սահմանված ժամկետ» հասկացության վերաբերյալ, սակայն «անհրաժեշտ է համարել» Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված իրավադրույթների «ձեւական-տրամաբանական մեկնաբանության» արդյունքում ստացված «իրավական բովանդակությունը համադրել» օրենքի վիճարկվող դրույթի՝ 40-րդ հոդվածի 3-րդ մասի հետ: Վիճարկվող իրավադրույթները «բավարար չափով հստակ էին» եւ համապատասխանում էին Սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930